«Կոնգրես» հյուրանոցում նոյեմբերի 28-ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունն ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը համատեղ գիտաժողով էին կազմակերպել «Ազգամիջյան և միջդավանական համագործակցության փորձը» թեմայով: Նախքան գիտաժողովը՝ կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի, թե ինչո՞վ է պայմանավորված այս թեմայով գիտաժողովի անցկացումը հենց Ղազախստանի դեսպանատան հետ:
-Ե՛վ Հայաստանը, և՛ Ղազախստանը միջկրոնական ու ազգամիջյան հարցերի լուծման մեծ փորձ ունեն, ուստի հետաքրքիր է այդ փորձի փոխանակումը: Բացի այդ՝ մեր կենտրոնը համագործակցում է Ղազախստանի հետ, իսկ Աստանան միջազգային մակարդակով արձանագրված հաջողություններ ունի մի քանի բնագավառներում՝ միջուկային զինաթափման, միջդավանական ու ազգամիջյան համաձայնության: Այսօր թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում այդ խնդիրները կան և պարբերաբար գլուխ են բարձրացնում: Նույնիսկ Եվրոպան, որ մեծ փորձ ունի ազգամիջյան ու միջկրոնական հարաբերություններում, բազում խնդիրների առաջ է կանգնում: Ղազախստանում այդ խնդիրը լավ կարգավորված է, և այդ ոլորտում նրանց ձեռք բերած կայունությունը հետաքրքրություն է առաջացնում՝ ի՞նչ կառույցներ են ստեղծել, ինչպե՞ս են աշխատում, որ ազգային փոքրամասնությունները Ղազախստանում իրենց սեփական տանն են զգում: Հայաստանում ազգային փոքրամասնությունների թիվը այդքան մեծ չէ, բարեբախտաբար, վիճակը լավ է, և փորձի փոխանակումը, կարծում եմ, միայն երկուստեք կհարստացնի մեզ:
Բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ համոզված է, որ պետք է ամրապնդել միջազգային և միջկրոնական համագործակցությունը: Նա դրականն ավելի շատ է համարում և առաջարկում է, որ հանուն կայուն զարգացման ամրապնդվի միջկրոնական կապը, նա կարծում է, որ Ղազախստանը արել է կարևոր քայլեր և կարող է համագործակցել Հայաստանի հետ՝ որպես երկու մեծ կրոնների սահմանին գտնվող երկիր:
Բացելով գիտաժողովը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը թեման որակեց կարևոր ու արդիական ամբողջ աշխարհում: Նա հիշեցրեց բազմամշակութայնության քաղաքականության մասին, որ որոշ արդյունքներ տվել է, բայց հարուցել է որոշակի խնդիրներ, որոնք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Հայաստանի համար գիտաժողովի կարևորությունը պարոն Գրիգորյանն ընդգծեց ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում: «Ես երբեք չեմ համաձայնի, երբ ասում են՝ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին՝ ինչքան լավ է, անդամակցումը որևէ կառույցի գործընթաց է, որը պետք է ուղեկցվի քննարկումներով, որպեսզի գործընթացից պետությունն առավելագույնս շահի»,- ասաց նա: ՀՀ-ում Ղազախստանի դեսպան ԱՅԻՄԴՈՍ ԲՈԶԺԻԳԻՏՈՎԸ գիտաժողովի թեմատիկան բազմաշերտ որակեց: Նրա կարծիքով՝ ազգամիջյան ու միջկրոնական համագործակցությունը Ղազախստանի դեպքում ոչ այնքան փորձ է, որքան կենսակերպ: Ցանկացած պետության տնտեսական զարգացման հիմք դեսպանը համարում է քաղաքացիական հասարակության կայունությունը: «Այսօր Ղազախստանում 130 ազգություն է ապրում, և 30 կրոնական համայնք կա՝ դա մեր պետության գոյության հիմքն է»,- ասաց դեսպանը: Նա հիշեցրեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը, որ սովորաբար տարեսկզբին ուղենշում է անելիքները, բայց այս տարի նոյեմբերի 11-ին ուղղվեց՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների՝ ռեցեսիայի, քաղաքական-տնտեսական կատակլիզմների, որ ներգործում են բոլոր երկրների վրա: Նախագահն առաջարկել է հակաճգնաժամային քայլեր՝ գլոբալ ճգնաժամից դուրս գալու համար: Ղազախստանի տնտեսությունը պետք է ճգնաժամից դուրս գա՝ իբրև դինամիկ զարգացող պետություն՝ կարծում է նախագահը՝ Ազգային բարեկեցության հիմնադրամից, որտեղ հումքի վաճառքից 105 միլիարդ դոլար է կուտակվել, տարեկան երեք միլիարդ հատկացնելով ինֆրակառույցների կատարելագործմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բանկերին: Ակնկալվում է 200000 աշխատատեղերի ստեղծում և արդյունաբերական ներուժի մեծացում, ավտոմայրուղիների ու երկաթուղագծերի շինարարություն: Ղազախստանի ՀՆԱ-ն 250 միլիարդ դոլար է, մեկ անձի հաշվարկով՝ 15000 դոլար: Դեսպանն ընդգծեց, որ իր երկրում, որտեղ վերջին մարդահամարի տվյալներով ապրում է 30000 հայ, մեծ ուշադրություն է դարձվում ազգային հարցին: ԱԺ պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` հայ-ղազախական համագործակցությունը վկայում է, որ տարբեր կրոններ դավանող ազգերը հիանալի հարաբերվում են միմյանց: Հայկական սփյուռքը Ղազախստանում ձևավորվել է անցյալ դարի 30-ական թթ. և այսօր երկրի անքակտելի մասն է դարձել: 1992-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրները միջազգային կառույցներում համատեղ աշխատանքի լավ փորձ ունեն և իրենց փոխհարաբերությունները զարգացրել են իբրև փոխշահավետ համագործակցություն: Պատգամավորն անդրադարձավ համագործակցության իրավապայմանագրային հիմքերին և բարձրամակարդակ փոխայցերին: Նրա կարծիքով՝ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին կնպաստի Ղազախստանի հետ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: ՄԱՐԿՈՍ եպիսկոպոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ևս բարձր գնահատեց միջկրոնական փոխհարաբերությունների հարուստ փորձը, որ կուտակել է բազմազգ Ղազախստանը: Նա համոզված է, որ հոգևոր առաջնորդները չեն կարող անտարբեր լինել համաշխարհային իրադարձություններին, որ մարդկության խաղաղ ու բարեկեցիկ կյանքն են խաթարում: Անցյալ դարից ժառանգած տարածաշրջանային կոնֆլիկտները հաճախ են ուղեկցվում հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմամբ ու կրոնական ատելության հրահրմամբ: Կրոնական կազմակերպություններն այդ իրավիճակում չեն կարող մնալ դիտորդ, հավատավոր մարդիկ հասարակության ակտիվ անդամներ են և մեծ պատասխանատվություն են զգում Աստծո ստեղծած աշխարհի համար: Տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների առնչության համար Ղազախստանի նախագահը Աստանայում երկխոսության հարթակ է ստեղծել՝ համաշխարհային ու ավանդական կրոնների ղեկավարների պարբերաբար հրավիրվող համագումար՝ մտքերի փոխանակության, համամարդկային արժեքների վերագնահատման, քաղաքակրթությունների ներդաշնակեցման համար: 2003-ին կայացել է առաջին համագումարը, որին մասնակցել են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդներ: Համընդհանուր կողմնորոշիչների որոնումն էր առաջին համագումարի նպատակը, որին հաջորդեցին 2006-ի, 2009-ի, 2013-ի համագումարները՝ մասնակիցների բազմապատկվող թվով: Խաղաղության ու համաձայնության պալատում կայացած համագումարին մասնակցել է և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ խոսելով կրոնի, հասարակության ու համընդհանուր անվտանգության խնդիրների ու կրոնական առաջնորդի դերի մասին: Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդական ԱԼՄԱՏ ՏՈԵԿԻՆԸ Ղազախստանի այցեքարտն է համարում միջկրոնական ու ազգամիջյան հանդուրժողականությունը: Նա այն կարծիքին է, որ աշխարհում շատ չեն այն երկրները, որտեղ ապրում են այդքան շատ ազգություններ ու իրենց զգում են հայրենի տանը՝ անկախ ազգությունից, դավանանքից, լեզվից: Ղազախները վաղեմի ժամանակներից հայտնի են հյուրասիրությամբ ու բարեսրտությամբ, բայց բազմազգ երկիր Ղազախստանը դարձել է 20-րդ դարի 30-ական թթ., երբ ԽՍՀՄ-ի տարբեր մասերից փոքր ժողովուրդներն աքսորվում էին ղազախական տափաստաններ: Այդպես ղազախական հողում հայտնվեցին մերձբալթեր, լեհեր, գերմանացիներ, հրեաներ, հայեր: Ցավալի է, բայց փաստ, որ Ղազախստանում էին շատ ճամբարներ, «հայրենիքի դավաճանների» կանանց Ակմոլայի ճամբարն առավել հայտնի է ԱԼԺԻՌ անունով, որ հիմա թանգարան է՝ ի հիշատակ բռնադատվածների: 1989-ին նախկին կալանավոր Գերտրուդա Պլագայսը պատմել է մի դեպք, որ առավելագույնս բնորոշում է ղազախ ժողովրդին: Երբ դատապարտյալները լճափին եղեգներ էին հավաքում, նրանց են մոտեցել ծեր ղազախներ՝ կանանց ու երեխաների հետ, որոնց ուսերին ծանր պայուսակներ էին: Տղամարդիկ պահնորդներին կեպչակ են տվել՝ համեղ կերակուր, իսկ երեխաները պայուսակների քարերը նետել են կանանց վրա: Երբ կանանցից մեկը սայթաքել է քարի վրա, կաթի ու պանրի բույր է զգացել: Նրանք պարզել են, որ հարևան աուլի ղազախները՝ կյանքը վտանգելով, իրենց կերակրելու փորձ են արել՝ քարի տեսքով կուրդ նետելով, որ ղազախական ավանդական կերակրատեսակ է՝ այծի կաթից ու կաթնաշոռից հունցված ու արևի տակ չորացրած: Պատահական չէ, որ 50-ականներից հետո բռնադատվածներից շատերը հայրենիք չվերադարձան, մնացին Ղազախստանում, ու նրանց ոչ միայն տուն ու աշխատանք տվեցին, այլև ջանացին մոռացնել անցյալի տառապանքները: Հենց այդ դաժան ժամանակներն են, խորհրդականի կարծիքով, ձևավորել ներկա Ղազախստանի հանդուրժողականության մթնոլորտը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հստակ սահմանել է ազգային քաղաքականության սկզբունքները՝ միասնություն ու բազմազանություն՝ կասեցնելով հիպոթետիկ վտանգները: Երկրի Սահմանադրությունն էլ ընդունվել է՝ հաշվի առնելով պետության բազմազգ ու բազմակրոն լինելը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ քաղաքակիրթ ազգամիջյան հարաբերությունների ու հասարակական համաձայնության հիմքում իրավահավասարության կարգավիճակն է: Ղազախները պետականաստեղծ ազգ են, նրանց շուրջը համախմբված են ազգային խմբերը: Սահմանադրությամբ ղազախերենը պետական լեզու է, ռուսերենը՝ ազգամիջյան հաղորդակցության պաշտոնական լեզու: Յուրաքանչյուր ընտանիք ազատ է որոշելու, թե որ դպրոցում են երեխաներն ուսանելու՝ ռուսական, ղազախական, ուկրաինական, թե այլ: Երկրում 80-ից ավելի էթնիկ դպրոցներ են գործում, 108՝ հանրակրթական, որտեղ 22 ազգությունների երեխաներ սովորում են մայրենի լեզուն: 76 դպրոցներում մայրենին ուսանում են ֆակուլտատիվ կամ խմբակներում, 170 լեզվական կենտրոններ են գործում, որտեղ սովորեցնում են Ղազախստանի ժողովուրդների լեզուները: Ամեն տարի կիրակնօրյա դպրոցներին է հատկացվում մեկ միլիոն դոլարի աջակցություն, բազմահազար տպաքանակով գրքեր են հրատարակվում տարբեր լեզուներով, թերթեր են տպագրվում, ազգային վեց թատրոն է գործում, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից: Յուրաքանչյուր մարզում հայկական ազգային-մշակութային կենտրոն կա՝ «Նաիրի», «Վան», «Էրեբունի», «Կապան», «ՈՒրարտու», «Տավրոս»: Երկրում հավասար իրավունքներով գործում են եկեղեցիները, մզկիթները, սինագոգները, կրոնական տոները հանգստյան օրեր են բոլորի համար: Մահմեդականների ու ուղղափառների բարեկամությունը օրինակելի է շատ ու շատ այլադավանների համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Գիտաժողովը, որին ներկա էին դեսպաններ, ԱԳՆ աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ, ավարտվեց հարց ու պատասխանով: Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը հավարտ ասաց, որ տարբեր ելույթներում իր երկիրը ներկայացվեց ազգային ու կրոնական բազմազանության մեջ, և դա գլխավորն էր: Տանը թերթում էի գիտաժողովի ժամանակ բաժանված գրքերն ու լուսանկարները, ու ղազախական ասույթներից ուշադրությունս գրավեց մեկը՝ «Ոչ թե նա շատ գիտի, ով շատ է կարդում, այլ նա, ով խորամուխ է լինում»։ Գուցե դա է պատճառը, որ նրանց համար անհասանելի բարձունքներ աշխարհում չկան: